Ծրագիր · 03.12.2025

Մանկության նոր անկյուն

«ԿԵՏ» հիմնադրամն ավարտել է Արթիկ քաղաքում մանկական խաղահրապարակի կառուցումը։

Բջջային հեռախոսների և համակարգիչների դարաշրջանում հատկապես կարևոր է, որ երեխաներն ունենան կենդանի շփման, շարժուն խաղերի և իսկական բակային մանկության հնարավորություն։ Նրանց հանգստի համար ստեղծված յուրաքանչյուր գունեղ, ջերմ ու անվտանգ անկյուն ներդրում է ապագա սերնդի առողջության, զարգացման և երջանկության մեջ։

Հենց այս գաղափարով «ԿԵՏ» հիմնադրամն իրականացրել է իր հերթական ծրագիրը՝ Արթիկ քաղաքի բնակելի թաղամասերից մեկի բակում կառուցելով մանկական խաղահրապարակ։ Տարածքը տրամադրել է Արթիկի համայնքապետարանը, իսկ ծրագիրն իրականացվել է համայնքապետարանի ղեկավարության սերտ համագործակցությամբ և աջակցությամբ։

Գույքի մատակարար «Մագնոն Ա», «Գրանդ Պրոյեկտ» և «Սան Հաուս» ընկերությունների ղեկավարներն ու աշխատակիցները մասնագիտական, պատասխանատու և սրտացավ մասնակցություն են ունեցել աշխատանքներին, իսկ բակի բարեհամբույր ու ակտիվ բնակիչներն առաջին իսկ օրերից դարձել են ընդհանուր գործի մասնակից։

Ամենահրաշալին այն է, որ երեխաներն էլ են «կառուցել» իրենց խաղահրապարակը․ նրանք մեծ ոգևորությամբ օգնել են շինարարներին և քաջալերել մեծահասակներին։
Իսկ ինչպե՞ս ընթացավ ամեն ինչ։

Մեր նպատակը մի տարածք ստեղծելն էր, որտեղ երեխաները կարող են շարժուն խաղեր խաղալ, զվարճանալ, շփվել միմյանց հետ և պարզապես երջանիկ լինել։ Օր օրի բակը փոխվում էր․ տեղադրվեցին ճոճանակներ, ուրախ կարուսել, փոքրիկ զիփլայն, ապագա չեմպիոնների համար բասկետբոլի վահան, մարզական-խաղային համալիր և այլ խաղային կառույցներ։ Նոր գույներ ստացան նաև հարակից ավտոտնակները։ Բակը կարծես վերափոխվեց՝ դառնալով ավելի պայծառ, կենդանի ու գունեղ։ Խաղահրապարակի շուրջ տնկվեցին դեկորատիվ բույսեր և թփեր։ Տեղադրվեց նաև արևային էներգիայով աշխատող լուսավորության նոր համակարգ, որի շնորհիվ երեկոյան բակը կլցվի մեղմ լույսով։ Վերջում տեղադրվեցին աղբամաններ և հարմարավետ նստարաններ, որտեղ մեծահասակները կարող են հանգստանալ, շփվել և հետևել երեխաների խաղերին։
Դժվարություննե՞ր։ Իհարկե կային, բայց այսօր դրանք միայն ժպիտ են առաջացնում։ Ինչպես ցանկացած շինարարության ժամանակ, այստեղ էլ եղան փոքր «շինարարական արկածներ»․ ինչ-որ բան չէր համապատասխանում, ինչ-որ բան պետք էր ուղղել կամ վերափոխել։ Բոլոր հարցերը լուծվեցին արագ և միասնական ուժերով։ Հենց այդ պահերն ավելի համախմբեցին մասնակիցներին և արդյունքը դարձրին առավել արժեքավոր։

Երեխաների համար առանձնահատուկ նվեր դարձավ հիմնադրամի տրամադրած ձայնային համակարգը։ Այժմ վերանորոգված և գունեղ ձևավորված տաղավարում կհնչեն երաժշտություն ու երգեր, կհավաքվեն ընտանիքներ և ընկերներ, կանցկացվեն տոներ, կարաոկեի մրցույթներ և ջերմ հանդիպումներ։ Բակը կդառնա երեխաների խաղավայրից ավելի լայն նշանակություն ունեցող՝ շփման ու բարիդրացիության իսկական կենտրոն։

Թիմային աշխատանքի շնորհիվ վերջում ստացանք հիանալի արդյունք, որը ժպիտ է պարգևում։ Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին, հատկապես՝ փոքրիկ օգնականներին, որոնց շնորհիվ խաղահրապարակն այսքան արևոտ դարձավ։
Մանկության նոր անկյուն
Մանկության նոր անկյուն
Մանկության նոր անկյուն