Ծրագիր · 15.08.2025

Հառիճ գյուղի ընտանիքներին աջակցող հերթական ծրագիրն ավարտված է

Հառիճում իրականացված բարեգործական ծրագիրը համախմբել է հիմնադրամին և գյուղի բնակիչներին՝ դառնալով համերաշխության ու փոխադարձ հոգատարության օրինակ։

«ԿԵՏ» հիմնադրամը շարունակում է գյուղական բնակավայրերի բնակիչներին աջակցելու իր առաքելությունը։ Արթիկ համայնքի գյուղերում մի քանի ծրագիր իրականացնելուց հետո հիմնադրամի և բնակիչների միջև ձևավորվել են ջերմ ու բարեկամական կապեր։ Շփումների արդյունքում որոշեցինք այս փուլում աջակցել գյուղացիների հրատապ կենցաղային կարիքներին։

Տարվա այս շրջանում, հատկապես գյուղերում, ակտիվորեն ձմեռվա պաշար են պատրաստում՝ մուրաբա, չիր և սեփական այգիների բանջարեղենից պահածոներ։ Սա ձմռանը ընտանիքների կենսապահովման կարևոր մասն է և օգնում է խնայել ընտանեկան բյուջեն, սակայն միաժամանակ զգալի ծախսեր է պահանջում։ Գիտակցելով գյուղացիների ֆինանսական բեռը՝ հիմնադրամը բարեգործական ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրել 100 ընտանիքի․ յուրաքանչյուր ընտանիք ստացել է 50 կգ շաքարավազ և 5 լիտր բուսական յուղ։ Այս մթերքները կօգնեն լիարժեք պատրաստել ձմեռվա անհրաժեշտ պաշարները։

Ծրագրի արժեքը կազմել է շուրջ 2,1 մլն դրամ։ Այն իրականացվել է Արթիկ համայնքի Հառիճ գյուղում։ Առավել կարիքավոր 100 ընտանիքներին արդարացիորեն ընտրելու համար գյուղի ակտիվիստները, վարչական ղեկավարի գլխավորությամբ, ստեղծել են տասը բնակչից կազմված հանձնաժողով։ Այսպիսով ծրագիրը դարձել է հասցեական աջակցությունից ավելին՝ ընդհանուր գործ, որտեղ բնակիչները համերաշխություն ու հոգատարություն են ցուցաբերել համագյուղացիների նկատմամբ։

Ծրագրին ակտիվորեն մասնակցել են Հառիճի վարչական ղեկավարը, հանձնաժողովի անդամները, կամավոր օգնականներն ու վարորդները, որոնք աջակցությունը հասցրել են տարեց և միայնակ բնակիչներին, ինչպես նաև հիմնադրամի ներկայացուցիչները։

Սա ևս մեկ քայլ է բարությանն ընդառաջ և ևս մեկ հնարավորություն՝ միասին մարդկանց կյանքը թեթև ու ջերմ դարձնելու։ Շնորհակալ ենք բոլորին, ովքեր աջակցել են նախաձեռնությանը և օգնել նվազեցնել գյուղացիների սոցիալական բեռը այս կարևոր ժամանակահատվածում։
Հառիճ գյուղի ընտանիքներին աջակցող հերթական ծրագիրն ավարտված է