Հառիճ գյուղի բնակիչների հետ շփումներից պարզվել է, որ տարվա ավելի քան ութ ամիս նրանք տների ջեռուցման կարիք ունեն։ Անապահով ընտանիքները հաճախ չեն կարող իրենց թույլ տալ թանկարժեք գազային կամ էլեկտրական ջեռուցման համակարգեր և դրանց սպասարկումը։

Այլընտրանք են փայտով կամ ածուխով աշխատող սովորական երկաթե վառարանները։ Շուկայում առաջարկվող բարակ երկաթից պատրաստված ցածրորակ վառարանները սովորաբար ծառայում են ընդամենը մեկից մեկուկես տարի։ Հիմնադրամը որոշել է 25 ընտանիքի ապահովել որակյալ, ձեռագործ, բազմաֆունկցիոնալ վառարաններով։ Չորս միլիմետր հաստությամբ պողպատից պատրաստված վառարանները կծառայեն մոտ չորսից հինգ տարի և կարող են աշխատել թե՛ փայտով, թե՛ ածուխով։ Դրանք ունեն նաև փոքր ջեռոց, որտեղ հնարավոր է հաց, կարտոֆիլ և այլ ուտեստներ պատրաստել։

Հառիճի բնակիչների առաջարկով վառարանները պատրաստել է շրջակայքում հայտնի տեղացի վարպետը։ Սա նրան ապահովել է մեծ պատվերով, իսկ գյուղացիներին՝ որակյալ և ժամանակին կատարված աշխատանքով։

Ծրագրի արժեքը կազմել է շուրջ 2 070 000 դրամ։

Վառարանների ամենամեծ կարիքն ունեցող ընտանիքներին ընտրելու համար հիմնադրամը, տեղական վարչակազմը և նախաձեռնող խումբը ձևավորել են ժամանակավոր հանձնաժողով։ Հառիճի վարչական ղեկավարը տրամադրել է աշխատանքի համար անհրաժեշտ տարածքն ու պայմանները։

Ծրագիրն ավարտվել է հնարավորինս սեղմ ժամկետում և գյուղի բնակիչների անմիջական վերահսկողությամբ։

Արթիկ համայնքի Հառիճ գյուղի ընտանիքներին աջակցող ևս մեկ բարեգործական ծրագիր ավարտված է։ Շնորհակալ ենք նախաձեռնության բոլոր մասնակիցներին և շարունակում ենք գյուղական ընտանիքների կյանքի որակի բարելավմանն ուղղված մեր աշխատանքը։